Անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին, որ կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից և համագործակցել, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը նման տվյալներ չունի:
«Այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետել ոչ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ: Եվ ընդհանրապես, իմ նախկին ծառայակիցները կարող են հավաստիացնել՝ ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ հատուկ ծառայությունների հետ: Ես դրա իմաստը չեմ տեսնում: Լավ, ենթադրենք՝ որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց նրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել: Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, այդ մարդը այդ երկրին՝ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև ՀՀ-ն էր, օգուտ է բերել, թե վնաս տվել: Կարծում եմ՝ այդպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների: Եթե դա չի լինում, ինչ-որ այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդվում»,- նշել է Սերժ Սարգսյանը: