Ադրբեջանական պետական APA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր։
APA լրատվական գործակալության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն այսօր կուղղվի դեպի Հայաստան՝ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։
APA-ն գրում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսին իր գործընկերներից դիմում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման վերաբերյալ. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներին» հանձնարարվել է անհապաղ իրականացնել երկաթուղով միանվագ, լիովին անվճար բեռնափոխադրում»։
Ըստ հրապարակման՝ սա նաև կնպաստի տարածաշրջանում տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը և երկրների միջև կապերի ընդլայնմանը, խաղաղության ուղղված վստահության մեխանիզմների կառուցմանը։