Քաղաքական

Ո՞վ է որոշում՝ որն է հիբրիդային սպառնալիքը. Վարդանյան

Ո՞վ է որոշում՝ որն է հիբրիդային սպառնալիքը. Վարդանյան

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի կարողությունների ամրապնդմանը հիբրիդային և կիբեր-սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելուն։

«Նախ, հարց է առաջանում՝ ո՞վ է որոշում հիբրիդային սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ Եթե հիբրիդային սպառնալիք կա, բնականաբար, պետք է դիմագրավել»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այստեղ պարզ հարց է առաջանում՝ այդ ֆինանսավորման շրջանակներում միայն իշխանակա՞ն դերակատարներն են ֆինանսավորվելու, թե՞, օրինակ, ընդդիմադիր կուսակցություններ, ՀԿ-ներ ևն, որոնց զեկույցները պարբերաբար առիթ են հանդիսանում, որ ԵՄ պաշտոնյաներն իրականությանը տեղեկանան։  

«Եթե իշխանություններն են ֆինանսավորվելու, և իրենք են սահմանելու, թե որն է հիբրիդային հարձակումը, իշխանության համար հիբրիդային սպառնալիք են համարվում իր դեմ պայքար մղող և իր համար վտանգ հանդիսացող բոլոր ընդդիմադիր ուժերը»,-նշեց Քրիստինե Վարդանյանը և ընդգծեց, որ եթե այդպես լինի, պարզապես կվերածվի երկրի ներքին գործերին ուղիղ միջամտության։

Անդրադառնալով ընդդիմության հասցեին մեղադրանքներին, թե իրենք մասնակցում են այլ երկրի տեղեկատվական արշավի շրջանակներում  հիբրիդային գրոհների մասնակից լինելու մեջ, Վարդանյանը շեշտեց՝ փաստ կա՞. 

«Մենք մի տարի հարցնում ենք անում, չգիտենք՝ որ գերատեսչություն հարցնենք, որ գոնե մի փաստ հրապարակեն։ ԱԱԾ-ից տեղեկանքներ ենք ստանում, որ որևէ խնդիր չկա՝ օրենքի հետ կապված»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը շեշտեց, որ իշխանությունն իր դեմ ցույց անող բոլոր քաղաքացիներին ու ուժերին տարբեր մեղադրանքներ է ներկայացնում, ու դա հատուկ է բռնապետական ռեժիմներին. «Եթե որոշել են բռնապետություն ֆինանսավորել, կարող են ավելի ազնիվ լինել և էդպես էլ ասել։ Եթե որոշել են ժողովրդավարական կարգերը պաշտպանել, դրա համար, այո, կարող են, օրինակ, քաղբանտարկյալների խնդրին անդրադառնալ, արդարադատության համակարգի բարեփոխումներին աջակցել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական