Քաղաքական

Հայաստանը և Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ:

Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ: 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ նոր, ավելի հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետ կիրառմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել զարգացնել տարբեր ձևաչափերում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: Արարատ Միրզոյանն ու Քսավյե Բետելը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Ռազմավարական գործընկերության հաստատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում։

Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը:

Երկու երկրները վերահաստատում են ՀՀ ձգտումը՝ ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ:

Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական