Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագիրը պետք է ներառի հինգ փաստաթուղթ, որոնցից մի քանիսը կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, այսինքն՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից քվեարկված և հաստատված։
«Դա կարելի է դիտարկել որպես նախապայման՝ Ուկրաինայի կողմից մյուս պայմանները չկատարելու համար։ Օրինակ՝ նախագահական ընտրություններ կազմակերպելու և հրադադար ապահովելու տեսանկյունից»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նորայր Դունամալյանը։
Անդրադառնալով այն հարցին՝ կարո՞ղ է սա զսպիչ ուժ հանդիսանալ Ռուսաստանի համար, թե՞ մնալու են քաղաքական հայտարարությունների մակարդակում, քաղաքագետը շեշտեց, որ այս իրավիճակը ավելի շատ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների շրջանակներում է. «Իսկ այն պահանջը՝ նախագահական ընտրություններ իրականացնելու, սկզբից դրվել է Ռուսաստանի կողմից, և արդեն մոտավորապես 2 տարի այդ պահանջը ներկայացվում է»,-ասաց նա՝ հավելելով՝ իսկ ԱՄՆ-ն վերջերս սկսեց դրա մասին խոսել։ Ըստ Նորայր Դունամալյանի` Թրամփը սկսել է օգտագործել Ռուսաստանի նույն օրակարգը։
«Խնդիրը նրանում է, որ այսօր այն կառուցվածքը, որը 2022թ․-ից ի վեր գոյություն ուներ, միջազգային հարաբերությունները նկատի ունեմ՝ ԱՄՆ և ԵՄ աջակցությունը Ուկրաինային, այդ կառուցվածքը փլուզվում է»,-նշեց նա և շեշտեց, որ խնդիրը նրանում է, որ բանակցությունները դեռ գնում են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև. «Ռուսաստանը, այո՛, կարևոր գործոն է, բայց դա 3-րդ կողմն է ավելի շատ ներկայացնում, և ըստ դրա ես չէի ասի, որ կարող է լինել ճնշում կամ որևէ առումով ազդել դիրքորոշման վրա»,-նշեց քաղաքագետը և ընդգծեց՝ հակառակը, Ռուսաստանի պահանջները, ըստ դրա, կարող են ավելի ընդլայնվել։