Քաղաքական

Կողջունենք ԵՄ-ի ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում․ Միրզոյան

Կողջունենք ԵՄ-ի ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում․ Միրզոյան

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ 

Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։ 

Քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.

«Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։

Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին, մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները, և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը

Անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։

Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական