Քաղաքական

Վերջնական հրադադարի հեռանկարները մշուշոտ են. քաղաքագետ

Վերջնական հրադադարի հեռանկարները մշուշոտ են. քաղաքագետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին և հաստատել է, որ այսօր կկայանա երկրորդ հանդիպումը։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ որոշ կետերի կրճատումն առաջընթաց է. «Նախ, 28 կետանոց առաջարկ էր ներկայացված, ու դրանց թիվը կրճատվեց։ Այս պահին մոտ 20 կետանոց է առաջարկը, մնացածը դուրս են եկել, որոնք հակաուկրաինական են»,- ասաց նա՝ հավելելով՝ այժմ Ուկրաինան իր օրակարգն է առաջ մղում՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով։

Ըստ քաղաքագետի՝ այս հանդիպումներից հետո Ուկրաինան չի գնա  խաղաղության հաստատման. «Այնտեղ կան հարցեր, որոնց վերաբերյալ Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները հակադիր, տարամետ են»,-շեշտեց նա: 

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ նախնական տարբերակը, որ քննարկվում էր, խիստ անընդունելի է Ուկրաինայի համար, և դրա համար էլ փոփոխությունների ենթարկվեցին, որը, իհարկե, առաջընթաց է. «Բայց, նորից կրկնեմ, վերջնական հրադադարի հեռանկարները մշուշոտ են։ Ռուսաստանը ուզում է թուղթ ստանալ, որ Ուկրաինան իր ազդեցության գոտում պահի»,-նշեց նա և հավելեց՝ Ռուսաստանը վախենում է, որ հրադադարի ստորագրումից հետո Ուկրաինան կարող է ավելի հզորանալ, նույնիսկ մի քանի տարի հետո 2-րդ տարածք էլ ետ բերի։

«Նաև Ռուսաստանը, օրինակ, փաստաթղթի տեսքով ցանկանում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ինչը Ուկրաինային ձեռնտու չէ, քանի որ ապագայում իր անվտանգությունը տեսնում է միայն ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,-ասաց քաղաքագետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական