Քաղաքական

Սերժ Սարգսյանի թիրախներից մեկը երկրորդ նախագահն է. Նորիկյան

Սերժ Սարգսյանի թիրախներից մեկը երկրորդ նախագահն է. Նորիկյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի քայլերին, ասել է, որ միասնական պայքար մղելու խնդիր կա, բայց, ցավոք, դեռևս չի ստացվում։

«Ես կարող եմ տարբեր ենթատեքստեր տեսնել, որոնցից մեկն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին, մյուսն՝ այլ քաղաքական ուժերին։ Ակնհայտ է, որ նրա թիրախներից մեկը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»․ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Ըստ Նորիկյանի՝ նրանք տարիներ շարունակ երկիրը հասցրել են այս վիճակին և այսօր էլ չեն ցանկանում քաղաքական դաշտը զիջել որակապես նոր սերնդին. «Այո, Սերժ Սարգսյանը կարող է ասել, թե այլևս առաջադրվելու նպատակ չունի, բայց խնդիրն այն է, որ ինքն է ուզում որոշել՝ ով առաջադրվի»,-նշեց Նորիկյանը և շեշտեց՝ եթե հրաժարվեն այդ մոտեցումից, չփորձեն ղեկավարել գործընթացները, միավորումն ավելի քան հնարավոր կլինի։

«Չնայած՝ կա հարցի մյուս ասպեկտը։ Այս տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժերի, անհատների հետ եմ փորձել հանդիպել, ընդհուպ՝ ինքս եմ հայտարարել, որ առաջին տեղի կռիվ չեմ տալու, եկեք միավորվենք, 20-30 կուսակցություններ լուծարվեն, և մեկ կուսակցություն դառնանք»,-ընդգծեց նա և ասաց՝ հետո հասկացել է, որ խնդիրն այն է, որ ամենքն իրենցից դուրս որևէ մեկին չտեսնելու մոլուցքի մեջ են՝ իրենց երևակայում են վարչապետ և չեն պատրաստվում զիջել։

Ըստ Նորիկ Նորիկյանի՝ 2 ուժն էլ, ունենալով մեծ նյութական ռեսուրսներ, բայց չունենալով հանրային վստահություն, չեն թողնում, որ քաղաքական դաշտը առողջանա. «Սա, իմ կարծիքով, միայն նպաստում է գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը»,-ասաց Նորիկյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական