Ադրբեջանական Minval Politika-ն հոդված է հրապարակել, ըստ որի՝ ԼՂՀ-ի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. ԼՂ դեմ Ադրբեջանի ռազնական գործողության ժամանակ բանակցություններ է վարել իր ազատության համար։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ նա իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսների դիմաց խնդրել է ադրբեջանական կողմին՝ հնարավորություն տալ իրեն լքել Արցախի տարածքը և հասնել Հայաստան։
ԶԼՄ-ն հայտնում է, որ Բաքուն ծրագրել էր ձերբակալել Շահրամանյանին, սակայն դա չի արել, քանի որ վերջինս ադրբեջանական կողմին փոխանցել է այն անձանց ամբողջական կոորդինատները, որոնք ծրագրում էին հեռանալ Ղարաբաղից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանին են փոխանցվել այդ անձանց երթուղիները, մեքենաների համարանիշերը, մեկնման ժամը և այլ մանրամասներ։ Այդ գործողությունների, ինչպես նաև «հայկական դիրքերի զինաթափումը կազմակերպելու ու կապիտուլյացիայի ակտի ստորագրման» դիմաց Շահրամանյանը խնդրել էր ապահովել իր դուրսբերումը տարածաշրջանից՝ ուղղաթիռով։
Radar Armenia-ն տարածված այս տեղեկությունների ճշտման համար դիմեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։ Նա հերքեց շրջանառվող լուրերը՝ ընդգծելով, որ այդտեղ որևէ հիմնավորում չկա. «Ես նպատակահարմար չեմ գտնում ինչ-որ ադրբեջանական լրատվականի պարզաբանում տալ։ Ադրբեջանական մամուլը ամեն օր որևէ սադրող հայտարարություն անում է»,-շեշտել է նա։