Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ «սակագնային արգելքները» խոչընդոտում են ադրբեջանական վառելիքի երկաթուղային տարանցմանը դեպի Հայաստան՝ Վրաստանի տարածքով։
«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից հարցում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրաստանի երկաթուղուն անմիջապես հանձնարարվեց իրականացնել նշված բեռի երկաթուղային փոխադրումը միանվագ՝ ամբողջովին անվճար։ Այս որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են։
Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, վստահելի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության աջակից»,- ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, ադրբեջանական Minval-ը գրել էր, որ Վրաստանը, տարանցման համար 92 դոլար էր պահանջել մեկ տոննայի դիմաց, որը տրանզիտի համար չափազանց բարձր գին է։