ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվում է «Դոհա ֆորում»-ի շրջանակներում։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Գրիգորյանը նշել է, որ եթե 1-2 տարի Երևանն ու Բաքուն քննարկում էին իրար հակասող նարատիվներ, ապա հիմա ունեն շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։
«Երևանի և Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, բայց կողմերը կամրապնդեն համագործակցությունը՝ լավագույն ապագա ապահովելու համար։ Կողմերին քաղաքական կամք է անհրաժեշտ, միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կառուցմանը»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ապահովել է լեգիտիմությունը, օրինականությունը և միջազգային իրավունքի գերակայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
«Արդար խաղաղության հիման վրա մենք Հարավային Կովկասում ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո։ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղության համար աշխատանք է պահանջվում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։
Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։
Անդրադառնալով ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանում ասում են «Զանգեզուրի միջանցք», հայ գործընկերներն այլ կերպ են արտահայտվում։
«Հուսով եմ՝ մեր տարաձայնությունները կլինեն միայն տերմինալոգիայի շուրջ»,- ասել է նա։