Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման ինչ տարբերակ է ներկայացվել 2019թ.

ԼՂ հակամարտության կարգավորման ինչ տարբերակ է ներկայացվել 2019թ.

ՀՀ կառավարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը, որոնց մեջ ներկայացված է նաև 2019 թ․ տարբերակը։
Ըստ տվյալ փաստաթղթի՝ 2019 թ. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) այն առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին՝ հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու նպատակով։

Առաջարկվող հիմնական դրույթները.

Հռչակագրի վերջնական նպատակները ներառում են.

• Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձը (Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի), այն պայմանով, որ կպահպանվի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցքը:

• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով: Այս քվեարկությունը պետք է արտահայտի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը և ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող իրավական պարտադիր բնույթ:

• Տարածաշրջանում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ կապերի ամբողջական կարգավորում, ինչպես նաև բարիդրացիական համագործակցության վերականգնում և Հարավային Կովկասում ընդհանուր կայունության ապահովում:

Առաջին փուլում արվում է հետևյալը.

1. Հինգ շրջանների վերադարձ.

Ադրբեջանին վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլիի շրջանները։

2. Միջազգային ուժերի տեղակայում.

Շրջանների վերադարձին զուգահեռ դրանցում պետք է տեղակայվեն խաղաղության պահպանման միջազգային ուժեր, որոնք կունենան ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված միջազգային մանդատ։

3. Զորքերի դուրսբերում և տեղակայման գոտի.

Զորքերը դուրս են բերվում նշված հինգ շրջաններից, որոնցում քաղաքացիական կառավարումը փոխանցվում է Ադրբեջանին։ ՄՍՊՄ-ն տեղակայվում է նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների, որոնք այս փուլում մնում են ԵԱՀԿ դիտարկման ներքո։

4. Ուժի չկիրառում.

Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել։ Ադրբեջանը լրացուցիչ պարտավորություն է ստանձնում ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչը պետք է ապահովի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում։

5. Կապի և առևտրի վերականգնում.

Նախատեսվում է ձեռնարկել միջոցներ շրջափակումները վերացնելու, ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիները, տրանսպորտային հաղորդակցությունն ու կապը վերագործարկելու համար։

6. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր ճանաչված կարգավիճակ.

Առաջին փուլում նախատեսվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի կենսագործունեությունը ապահովող կառուցվածքը՝ ժողովրդավարական օրենսդիր, գործադիր, դատական և տեղական ինքնակառավարման մարմիններով։ Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ապահովվում է ճանաչված կարգավիճակ։

Հետագա քայլեր

Հայտարարության դրույթները ենթակա են ճշգրտման և պետք է ձևակերպվեն միջկառավարական համաձայնագրի տեսքով։ Անհրաժեշտ է հստակեցնել ՄՍՊՄ տեղակայման կոորդինատները, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ընթացակարգերը, ինչպես նաև զորքերի վերատեղաբաշխման ժամանակացույցը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իրենց համատեղ հայտարարությամբ աջակցում են փաստաթղթին և կոչ են անում կողմերին շարունակել բանակցությունները, այդ թվում՝ Քելբաջարի և Լաչինի շրջանների կարգավիճակի, ինչպես նաև միջանցքի լայնության և կարգավիճակի հստակեցման ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական