Այսօր մեկնարկել է Հայաստանի պատմության յուրօրինակ դատավարություններից մեկը՝ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի։ Շահրամանյանը, մեջբերելով Արցախի տեղեկատվական շտաբի՝ 28.09.2023թ. հայտարարությունը, ըստ որի՝ նա ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիրը, պնդում է, որ իրեն զրպարտել են։
«Այն, ինչի մասին գրված է դասագրքում, գրված է մեկ տող՝ ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի»,-ճեպազրույցում ասել է «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի գրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը՝ ընդգծելով՝ խոսքը մեկ նախադասության վիճարկումն է։
Հովսեփյանի խոսքով՝ դատական պրոցեսը կտա իր պատասխանները․ «Իմ դիրքորոշմամբ, հարցը հետևյալն է՝ Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է սեպտեմբերի 28-ին՝ առավոտյան 10։20-ի սահմաններում, և բոլոր կայքերում այդ լուրը եղել է։ Ճի՞շտ է․ ես կարծում եմ՝ չեմ սխալվում։ Բոլորիդ մոտ այդ լուրը հեռացված չէ։ Եթե սկսում ենք դատական պրոցես, այն պետք է սկսել Արցախի տեղեկատվական շտաբի, Հայաստանի ԶԼՄ-ների և բոլոր այն շրջանակների հետ կապված, որոնք այդ լուրը տարածել են ու ոչ միայն չեն հերքել, այլև չեն էլ հանել մինչև այսօր»,-շեշտել է Նժդեհ Հովսեփյանը։