Քաղաքական

ԵՄ-ն TRIPP-ը դիտարկում է ավելի լայն կոնտեքստում. Կոս

ԵՄ-ն TRIPP-ը դիտարկում է ավելի լայն կոնտեքստում. Կոս

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսն անդրադարձել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Եվրամիության ներգրավվածության հնարավորությանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարթա Կոսը թեմային անդրադարձել է Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Եվրամիությունն արդյոք դիտարկո՞ւմ է «Թրամփի ուղի» նախագծում ներգրավվելու հնարավորությունը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին կաշխատեն Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի (TRIPP) նագագիծը կյանքի կոչելու ուղղությամբ։ «Թրամփի ուղի» նախագիծը կյանքի է կոչվելու Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանկաներում և նաև լինելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը։ Հռչակագրում նշվում է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին են համաձայնեցնելու նախագծին երրորդ կողմերի մասնակցության հնարավորությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի»-ն ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասն է։ 

Խոսելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի հնարավոր ներգրավածության մասին՝ ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը հիշեցրել է, որ այդ նախագծի իրագործումը Հայաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն է։ 

Կոսը շեշտել է, որ Եվրամիությունն էլ ԱՄՆ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ է՝ աչքի առաջ ավելի լայն՝ ընդհանուր կապակցվածության պատկերն ունենալով։ 

«Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Սա (խմբ․ նկատի ունի «Թրամփի ուղի»-ն) ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է: Մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք, լինի ոչ միայն այս 42 կիլոմետր հատվածի մասին , այլև այն ամենի մասին, ինչ գնում է դեպի արևելք և ինչ գնում է դեպի արևմուտք, և դա արվի միաժամանակ»,-ասել է ԵՄ բարձր հանձնակատարը։ 

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրել է այդ ընդհանուր կապակցվածության ապահովման առումով ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար։ «Մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները: Մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ուստի, իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս: Բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը»,-ընդգծել է Մարթա Կոսը: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական