Երեկ եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները Եպիսկոպոսաց հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հեռացումը Մայր Աթոռից։
«Սկզբից պարզ էր, որ այս խնդիրը քաղաքական է և քաղաքական հանգուցալուծում է ստանալու։ Եթե դու մտնում ես քաղաքականություն, բնականաբար, արդեն իսկ քո հետ սկսելու են վարվել քաղաքական օրենքներով»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Քամալյանը՝ հավելելով՝ այդ հոգևորականները մի քանի տարի առաջ «ձեռքերը քշտած» մտան քաղաքականություն և, բնականաբար, իրենց հետ տեղի էր ունենալու այն, ինչ տեղի է ունենում մնացած բոլոր քաղաքական դեմքերի հետ։
Քաղաքագետի խոսքով՝ երեկվա տարածված հայտարարությունից արդեն պարզ է դարձել, որ եկեղեցու ներսում առկա է հիերարխիկ կառավարում, և անկախ նրանից, թե ներքաղաքական ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, Գարեգին Բ-ն պետք է հեռանա. «Քանի որ նա հավատացյալ հոտի հետ կորցրել է իր հարմոնիան։ Եվ ի վերջո, պետք է արձանագրենք, որ քայքայման այս պրոցեսը նոր չի սկսվել, այլ շատ վաղուց»,-ասաց Քամալյանը և նշեց, որ Գարեգին Բ-ն քաղաքական դիրքավորում է ունեցել շատ վաղուց։
«Եթե մինչև 2020 թ.-ը նա կարողանում էր դա լուռ անել, ապա պատերազմից հետո նա ակնհայտ արդեն սկսեց արտահայտվել»,-շեշտեց քաղաքագետը։