Եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները այսօր հայտարարություն են տարածել, որով պահանջում են Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հեռացնել Մայր Աթոռից։
«Ընդհանուր առմամբ, այսօրվա հայտարարությունից ակնհայտ է, որ իրականում տեղի է ունենում ամեն ինչի կոծկում։ Եթե չեմ սխալվում, նաև պատկան մարմինների էքսպերտիզայից հետո էլ ոչ մի բան չի փոխվում»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ի փաստացի մոտ կան սիրելի և ոչ սիրելի եպիսկոպոսներ, և եթե սիրելիները կանեն արարքներ, որոնք ընդունելի չեն, դրա վրա կարող է աչք փակել. «Գարեգին Բ-ի համար, օրինակ, պատարագին իր անունը չհիշատակելը արդեն լուրջ խախտում է, իսկ, գուցե, այդ հոգևորականները չեն հիշատակում՝ ելնելով նրանից, որ Գարեգին Բ-ն անում է պղծություն Հայոց եկեղեցու ներսում»,-նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ նույնիսկ եթե էքսպերտիզա չտրվեր, ակնհայտ էր ձայնագրության մեջ խոսող մարդու անունը, և դրանից հետո Գարեգին Բ-ն պետք է անմիջապես քայլեր ձեռնարկեր, որը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու. «Դա խոսում է մեկ այլ բանի մասին, որ, գուցե, նման հարցերում նա էլ ունի նույն մութ պատմություններից և որոշակի արգելքներ՝ նման քայլի գնալու»,-ընդգծեց Առաքելյանը՝ հավելելով՝ եթե նա նման արարք գործած հոգևորականին հեռացնում է եկեղեցուց, ապա ադ նույն հոգևորականի մոտ հարց կառաջանա՝ եթե ինձ պատժում ես, ինչո՞ւ ինքդ քեզ չես պատժում։