Քաղաքական

ՌԴ-ի դիրքորոշման մեջ զարմանալի բան չկա. Բադալյան

ՌԴ-ի դիրքորոշման մեջ զարմանալի բան չկա. Բադալյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան առաջարկները Ալյասկայում քննարկումների հունում են և գործնականում կարող են կարգավորման հիմք հանդիսանալ։

«Այստեղ որևէ զարմանալի բան չկա Ռուսաստանի այդ դիրքորոշման մեջ, քանի որ մի շարք այլ հայտարարություններով արդեն տեսանելի էին ակնարկներ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով՝  ԱՄՆ-ի հետ պլանը գործնականում ձևավորվել է Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպման հանրագումարում, և տրամաբանական է, որ Ռուսաստանը դրական է վերաբերում այդ բովանդակությանը՝ որպես բանակցային հիմք։

Ինչպես արդեն հայտնի է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել «հարատև և արդար խաղաղություն» ապահովելու համար, որը քաղաքագետի գնահատմամբ՝ պատերազմի առաջին շրջանից էլ բանակցային հարթակ էր.

«Պատերազմի հենց առաջին շրջանում Թուրքիան հարթակ էր, որտեղ մշակվում էր ստամբուլյան հայտնի բանակցային բովանդակությունը։ Ըստ ուկրաինական կողմի՝ այդ պայմանավորվածությունը չավարտվեց հենց Բորիս Ջոնսոնի միջամտության պատճառով, որը հայտարարել էր՝ պետք է ոչ թե բանակցել, այլ կռվել»,-ընդգծեց քաղաքագետը։

Բադալյանի խոսքով՝ Անկարան հիմա փորձում է կրկին ներգրավվել գործընթացում.«Էրդողանի քաղաքականությանը բնորոշ է մտնել բոլոր ուղղություններով և ստանձնել դեր, որտեղ հնարավորություն է տեսնում։ Սա օրինաչափ վարքագիծ է յուրաքանչյուր հավակնոտ պետության համար, որն ուզում է բարձրացնել իր աշխարհաքաղաքական կշիռը»,-ասաց նա և ընգծեց՝  այդ տեսանկյունից սպասելի էր, որ Էրդողանը ևս կփորձի մտնել նոր գործընթացների մեջ և քաղել առավելագույնը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական