Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նոր՝ 28 կետանոց ծրագրի նախագիծ։
«Ընդհանուր առմամբ, հաստատում եմ այն միտքը, որ Ուկրաինան չի ընդունելու, որովհետև այնտեղ կան նրա համար անընդունելի կետեր»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով՝ Եթե կատարվեն որոշ փոփոխություններ, հնարավոր է։
Մյուս կողմից, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ամենաիրատեսական ծրագիրն է համարում այն. «Ակնհայտ է, որ ծրագիրը ամենաիրատեսականն է այսօրինակ իրավիճակում, քանի որ հաշվի է առնում ռուս-ուկրաինական պատերազմից առաջացած ստատուս քվոն»,-նշեց Սուրենյանցը։ Նա մատնանշեց, որ, չնայած՝ դիմադրությունը ԵՄ-ում և ԱՄՆ-ում կարող է բարդացնել գործընթացը, ծրագիրը տալիս է որոշակի մանևրային հնարավորություններ Ուկրաինայի իշխանության համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գնահատմամբ՝ դեռ անհրաժեշտ է «լրացուցիչ աշխատանք», որպեսզի բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, իսկ ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ պետք է որոշ կետեր փոխել՝ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը. «Որոշ կետեր պետք է փոխվեն այնպես, որպեսզի հարգվի Ուկրաինայի ինքնիշխանությունը, միայն այդ դեպքում է, որ Ուկրաինան կարող է ընդունել առաջարկների փաթեթը։ Սակայն, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ բանակցությունները ձախողվելու են»,-ընդգծեց նա ։
Սուրենյանցը չի կիսում Արմեն Վարդանյանի կարծիքը՝ հակադրելով, որ գործընթացի մեկնարկը արդեն տրված է. «Համարենք, որ գործընթացի մեկնարկը տրված է, բայց այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել, թե դա շաբաթների, ամիսների, թե՞ տարիների ընթացքում կկատարվի։ Սակայն ուժային դիսբալանսը դեռևս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մնում է, ուստի այս խաղաղությունը ծանր պայմաններով կլինի Ուկրաինայի համար և որևէ առիթ չի տալիս լիովին լավատես լինելու»,-շեշտեց նա