Քաղաքական

Փաստաթղթի ստորագրումը ձգձգվում է. Պետրոսյան

Փաստաթղթի ստորագրումը ձգձգվում է. Պետրոսյան

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նոր՝ 28 կետանոց նախագիծ։

«ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագիրը չնայած որոշակի առումով դրական է ընդունվել հիմնական դերակատարների կողմից՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի երկրների, բայց այդ դրական վերաբերմունքը առավելապես դիվանագիտական արձագանք է»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով՝  ըստ էության, ԱՄՆ-ն եզակի երկիր է, որը նպատակային կերպով ջանքեր է գործադրում այս հակամարտության կարգավորման համար։

Ըստ քաղաքագետի՝ թեև ծրագիրը չի մերժվում, այն միանշանակ չի ընդունվում նաև. ակնհայտ է, որ Ուկրաինան և ԵՄ երկրները որոշակի վերապահում ունեն առանձին կետերի մասով, և անցյալ շաբաթվա վերջին Ժնևում կայացած բանակցությունները վկայում են այն մասին, որ ծրագիրը միանշանակ չի ընդունվում, բայց նաև չի մերժվում դիվանագիտական մակարդակում։

«ԱՄՆ-ի կտրուկ արձագանքը բացառելու նպատակով խոսք է գնում բանակցելու մասին, որպես վերջնական հիմք հանդիսացող փաստաթուղթ։ Իսկ կստորագրվի այն, թե ոչ, դժվար կանխատեսել»,-շեշտեց քաղաքագետը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի՝ դեռ անհրաժեշտ է «լրացուցիչ աշխատանք» բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար, Պետրոսյանը ընդգծեց, որ նախագիծը պատերազմը ավարտելու մասին է, բայց ոչ այնքան հավասարակշռված, միանշանակ և լիարժեք, որպեսզի կողմերը միանգամից և անվերապահ ընդունեն։

«Սա կարող է լինել այն հիմնական առանցքը, որի շուրջ կամ հիման վրա կարող է նախապատրաստվել պատերազմի դադարեցման հիմնական համաձայնագիրը՝ հաշվի առնելով բազմաթիվ հարցեր, որոնք բաց են մնում»,-ասաց նա՝ ընդգծելով՝ այդ ամենը պատճառ է, որ փաստաթղթի ստորագրումը ձգձգվի, և տեղի ունենան բանակցություններ վերջնական տեսք ստանալու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական