Քաղաքական

Ընդդիմադիրները հակապետական քայլեր են անում. Քլոյան

Ընդդիմադիրները հակապետական քայլեր են անում. Քլոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ 2026-ի ընտրություններում «թակարդի մեջ պահած» քաղաքական էլիտան պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։

«Այո՛, համամիտ եմ վարչապետի այդ խոսքի հետ։ Ընդդիմադիրները, այդ թվում՝ խորհրդարանական տիտղոսակիր ուժերն ու նրանց շուրջ հավաքված արբանյակները, իրենց խոսքով ու գործողությամբ իրականացնում են հակապետական քայլեր»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը՝ հավելելով՝ տպավորություն է, որ նրանք սպասարկում են մեկ այլ պետության շահեր և իրականացնում են հրահանգներ, որոնք ուղղված են լիակատար անկախ ու ինքնիշխան պետություն չունենալուն։

Պատգամավորը հիշեցրեց՝ 2018թ. հեղափոխությունից հետո իշխանությունը վերադարձավ ժողովրդին, իսկ նախկին քաղաքական էլիտան մինչ այժմ չի հաշտվել այդ փոփոխության հետ․

«Նրանք փորձում են ցանկացած քայլով, նույնիսկ՝ ստոր մեթոդներով, վերադարձնել նախկին կարգավիճակը, հետ շրջել պատմությունը»։ Պատգամավորը ընդգծեց, որ, իր դիտարկմամբ, այս շրջանակներում ներառված են «լևոնականներ, քոչարյանականներ, սերժականներ, ինչպես նաև որոշ հոգևորականներ», որոնք «սպասարկում են օտարի շահերը»։

Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը սա համարի բռնաճնշումներ, ապա կան միջազգային հարթակներ, որոնց կարող են դիմել. «Եթե բռնաճնշումների ենք ենթարկում, գոյություն ունեն միջազգային կառույցներ, հարթակներ, որոնք ամեն տարի գնահատում են տվյալ պետության ժողովրդավարության և ազատ խոսքի բոլոր չափանիշները»,-նշեց նա և հավելեց՝ հետևաբար զեկույցներ կլինեն տարբեր միջազգային կառույցներում։

Անուշ Քլոյանը վստահեցրեց, որ իշխանության ռազմավարությունը մնում է անփոփոխ՝ խաղաղության ամրապնդում, տարածաշրջանի ապաշրջափակում, ներդրումների ներգրավում և երկրի տնտեսական հզորացում․

«Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը դառնա ինստիտուցիոնալ, ապաշրջափակումը լիակատար լինի, ներդրումներ գան, պետությունն աճի ու հզորանա։ Մեր ժողովուրդը պետք է ապրի բարեկեցիկ ու երջանիկ կյանքով, ոչ թե մշտական վախի ու սահմանային լարվածության մեջ»,-ասաց նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական