Վերջին օրերին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցեր են իրականացրել Վրաստան։
Radar Armenia-ի հետ զրույցում վրացագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև 2024թ. ստորագրված ռազմավարական հարաբերությունների հռչակագիրը ազդել է քաղաքական ակտիվ երկխոսության վրա. «Այդ հարաբերությունները ենթադրում են ղեկավարների մշտական հանդիպումներ, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունները և արտաքին պայմանավորվածությունները»,-ասաց Մելիքյանը։
Ըստ նրա՝ Վրաստանը, որպես տարածաշրջանային պետություն, շահագրգռված է կայունության և զարգացման մեջ. նոր նախագծերի միջոցով հնարավոր է ոչ միայն տնտեսական եկամուտ ստանալ, այլև տարածաշրջանային նշանակություն ունենալ՝ ապահովելով, որ բոլոր կողմերը հնարավորություն ունենան արդյունավետ բանակցությունների.
«Վրաստանը արդեն ցույց է տվել իր աջակցությունը գերիների և ռազմագերիների հարցերում և դրական դեր է ունեցել հայ-ադրբեջանական բանակցությունների կազմակերպման ժամանակ՝ տարածք տրամադրելով հանդիպումների համար»,- ասաց նա։
Փորձագետը համամիտ է Վրաստանի նախագահի այն խոսքերին, թե հայ-վրացական «օրինակելի հարաբերությունների ոգին» կարող է ազդել տարածաշրջանային համագործակցության վրա. «Եթե երկու պետությունները տեսնում են հեռանկար տարածաշրջանի կայունացման մեջ, դա շահավետ է ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանի և միջազգային խաղացողների համար»,-ասաց նա և հավելեց՝ օրինակելի հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել նախագծեր՝ ներգրավելով արտաքին ներդրումներ, բարելավելով քաղաքացիների կյանքը և բարձրացնելով տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը։