Ղազախական պետական Kazinform գործակալությունը հրապարակում է արել, որտեղ գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 20–21-ը նախատեսված այցը Աստանա համարվում է կարևոր փուլ հայ–ղազախական հարաբերությունների զարգացման մեջ։
Պարբերականի գնահատմամբ՝ վերջին երկու տարիներին կողմերի քաղաքական երկխոսությունը անցել է խորհրդանշական մակարդակից դեպի գործնական համագործակցություն, ինչը հատկապես ուժգին է դարձել խաղաղության պայմանավորվածություններից հետո բացված նոր տրանսպորտային հնարավորությունների ֆոնին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ղազախստանում ակնկալում են զարգացում մի շարք ուղղություններով։ Նախ՝ տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնում, քանի որ TRIPP նախագծի գործարկմամբ հնարավոր դարձավ ղազախական բեռնափոխադրումների, այդ թվում՝ ցորենի, ուղիղ մուտքը դեպի Հայաստան։ Երկրորդ՝ տնտեսական համագործակցությունը, որտեղ արդեն գործում է ավելի քան 400 համատեղ ձեռնարկություն, և երկու կողմերն էլ փորձում են մեծացնել առևտրաշրջանառությունը։ Քարոզվում է նաև թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում գործընկերության խորացման կարևորությունը․ 2025-ից կողմերը աշխատում են e-government լուծումների, սմարթ-քաղաքների և ընդհանուր թվային էկոհամակարգերի վրա։
Կրթական փոխգործակցությունն էլ դառնում է ավելի ակտիվ․ 16 հայկական և 16 ղազախական բուհերի միջև ստորագրված 19 համաձայնագրերը ներառում են բիզնեսի, իրավագիտության, բժշկության և զարգացող IT ուղղությունները։ Բացի այդ, մշակութային կապերի ամրապնդմանը նպաստում են առանց վիզայի փոխայցելությունների պայմանավորվածությունը և Ղազախստանի՝ շուրջ 40 հազարանոց հայկական համայնքը։
Qazinform-ը եզրափակում է, որ Փաշինյանի առաջիկա այցը կոչված է նոր խթան տալ տնտեսական, տեխնոլոգիական և հումանիտար համագործակցությանը՝ ձևավորելով ավելի ամուր և երկարաժամկետ հայ–ղազախական գործընկերություն։