Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընդդիմադիր ուժերը, սակայն, պնդում են, որ ընտրական գործընթացում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:
Radar Armenia-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վստահեցրել է, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում.
«Երեկ ուղիղ եթերով ցուցադրվում էր ընտրական գործընթացը, և հենց ընդդիմադիր դիտորդներն էին խոստովանում, որ կան միայն աննշան խախտումներ, որոնք արձանագրված են մատյաններում: Այդ ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ»,-նշել է Հասմիկ Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ եթե կան լուրջ փաստեր, ընդդիմությունը կարող է դիմել իրավապահ մարմիններին. բոլոր հնարավորությունները բաց են:
«Անձամբ ես ամբողջ օրը Վաղարշապատում էի և որևէ իրավիճակ չեմ տեսել, որը կարող էր ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Գործընթացը շատ հանգիստ է անցել, մասնակցությունն էլ բավական ակտիվ է եղել: Ոչ մի սկանդալ, ոչ մի միջադեպ: Բնականաբար, պարտվող թիմերը հաճախ փորձում են արդարացնել իրենց ձախողումը նման մանրուքներով, բայց եթե իսկապես խնդիր կա, թող դիմեն իրավապահներին»,-ասել է պատգամավորը:
Հասմիկ Հակոբյանը նաև անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե ընտրությունների արդյունքի վրա ազդել է եկեղեցու շուրջ վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և Կտրիճ Ներսիսյանի՝ Մայր Աթոռը «ազատելու» կոչերը:
«Ընդդիմությունը նախօրոք փորձում էր կապել ընտրությունները եկեղեցի-իշխանություն հարաբերությունների թեմայի հետ, բայց ուզում եմ հիշեցնել՝ մենք մինչև այս ընտրություններն էլ Էջմիածնում մեծամասնություն ունեինք: Եթե թիմի հետ խնդիր կա, այն եղել է նաև նախկինում»,-ընդգծել է նա:
Լիլիթ Աբրահամյան