Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցան ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում գերակշիռ ձայներով հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
«Այն հանգամանքը, որ խախտումներ չեն արձանագրվել, թույլ է տալիս ասել, որ որոշ մասնակիցներ ասում են՝ վարչական ռեսուրսի կիրառում է եղել, ամեն դեպքում բոլորը հաշտ են արդյունքների հետ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Քամալյանը։
Նրա խոսքով, դրական միտումներ նկատվում են հատկապես այն առումով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում տեղական և համապետական ընտրությունները չեն կեղծվում։
Ընդդիմադիրների մի մասը նշում է, որ ընտրությունները հնարավոր ազդեցություն կարող են ունենալ եկեղեցու վրա, սակայն, ըստ քաղաքագետի, էական ազդեցություն չի կարող ունենալ. «Չեմ կարծում, բայց այն հանգամանքը, որ Վաղարշապատում էր, որտեղ գտնվում է նաև կաթողիկոսի նստավայրը, և այդ միջավայրում եղել է քաղաքական հաղթանակ, դա շատ բանի մասին է խոսում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ տեղական ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, արտացոլում են քաղաքական գործընթացների բնականոն ընթացքը և չեն ազդում հանրային հարաբերությունների վրա։