Երեկ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցին և ընդգծել, որ օրեր առաջ կանխատեսել էր դա։
«Ոչ թե ՀԷՑ-ն է զրկվում լիցենզիայից, այլ դրա բաժնետերը՝ «Տաշիր Գրուպը»։ Բոլոր ընթացակարգերը դեռ շարունակվում են, և վերջնական որոշումը պարզ կդառնա ավելի ուշ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Գագիկ Մակարյանը՝ հավելելով՝ եթե լիցենզիան հեռացվի, ընկերությունն իր աշխատանքը կշարունակի կանոնադրության շրջանակում՝ հոսանք ձեռք բերելով արտադրողներից, այն բաժանելով ցանցում և պահպանելով մատակարարումը բնակչության ու բիզնեսի համար։
Նա նաև ընդգծեց, որ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ ֆինանսական և ներդրումային ոլորտներում․ «Տաշիր գրուպ»-ը վարկեր է վերցրել ՀԷՑ-ի զարգացման համար. եթե լիցենզիայի հետ կապված խնդիրներ առաջանան, բանկերը կարող են կասեցնել վարկավորումը, ինչը կհանգեցնի նախագծերի դանդաղեցմանը»,-նշեց տնտեսագետը։
Մակարյանը վստահեցրեց, որ ներկայումս բնակչությունը և բիզնեսը էական խնդիրների առաջ չեն կանգնի, քանի որ ՀԷՑ-ն աշխատում է ժամանակավոր կառավարիչով, և հոսանքի մատակարարումը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ երկարաժամկետ պլանավորման և ներդրումների արդյունավետությունը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կկարգավորվեն բաժնետերերի և պետության միջև ֆինանսական հարաբերությունները․ «Եթե անհրաժեշտ լինի, պետությունը կարող է ներդրումներ իրականացնել, որպեսզի համակարգը շարունակի զարգանալ և բարելավվել»։
Լիլիթ Աբրահամյան