ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-ի իր հարցազրույցում հայտարարել է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը միջանցքային տրամաբանություն չէր ենթադրում, ավելին, պետք էր կառչել դրանից:
«Ռոբերտ Քոչարյանի ձևակերպման մեջ ակնհայտ հակասություններ կան։ Սկզբում նա նշում է, որ 9-րդ կետը սիմետրիա ունի Լաչինի միջանցքի հետ, ինչը, իրենց տրամաբանությամբ, արդեն իսկ միջանցք է ենթադրում, բայց հաջորդ պահին հայտարարում է, որ ի սկզբանե միջանցք չէր»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը։
Ըստ նրա՝ այդ հակասությունները նոր չեն. տարիներ առաջ Քոչարյանը և նրա նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարում էին, թե Հայաստանի վարչապետը միջանցք տալու բանավոր խոստում է տվել։ Առաքելյանի գնահատմամբ՝ այս փոխվող մեկնաբանությունները պայմանավորված են ոչ թե փաստաթղթերի բովանդակությամբ, այլ՝ քաղաքական նպատակահարմարությամբ։
«Այս մարդիկ ամեն ինչ մեկնաբանում են ըստ այդ պահի նպատակահարմարության։ Հիմա ասում է՝ պետք է կառչեին այդ փաստաթղթից, բայց ժամանակին ասում էին՝ դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է և ընդունելի չէ ՀՀ-ի համար»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով՝ այժմ, կարծես, դարձել է շատ ընդունելի և փառահեղ փաստաթուղթ. «Սա խոսում է մի բանի մասին, որ նրանց համար ամենակարևորը նեղ անձնական-քաղաքական շահերը սպասարկելն է, ոչ թե ՀՀ-ի և Արցախի ազգաբնակչության»։
Քաղաքագետը մեկնաբանում է նաև ներքաղաքական ներկա իրավիճակն ու առաջիկա գործընթացները։ Նրա գնահատմամբ՝ լարվածությունը միայն աճելու է. «Առաջիկայում ընտրություններ են, և թեժացումները շատ ավելի մեծ կլինեն, քան՝ այսօր։ Հատկապես հունվարից կմտնենք բուն նախընտրական փուլ, և զարգացումները շատ ավելի ակտիվ ու ինտենսիվ կլինեն»,-ընդգծում է Էդգար Առաքելյանը։