Չի լինելու մեր տարածաշրջանում ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ, որովհետև սա մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին, օգուտներ է բերում բոլորին,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP ուղուն։
«Նույնիսկ «խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակ մեծ հոռետեսություն կար, թե ինչպիսին կլինի նախագծի վերաբերյալ Վրաստանի, Իրանի ու ՌԴ դիրքավորումը։ Հենց օգոստոսի 8-ից հետո կարծիք հայտնեցի, որ ՌԴ-ն այդ նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականը ընդունվեց հոռետեսությամբ։ Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված ՀՀ համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ ՌԴ-ն», ասել է նա։։
Ըստ վարչապետի՝ նախագիծը ձեռնտու է նաև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի համար. «Սա տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է»։
Ըստ վարչապետի, երբ քաղաքական խոսույթի շրջանակներում են քննարկում, շեշտադրումներ կան, թե որքանով ձեռնտու կլինի ուրիշներին, բայց գետնի վրա իրողությունները հաշվի առնելով տեսնում են՝ գործ ունեն կոնսենսուսային նախագծի հետ. «Կամ նախագծի, որը անխուսափելիորեն դառնալու է կոնսենսուսային»։