ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ. բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության հետ բանավեճերին։
«ՀՀ քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են նրանում, որ դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին։
Մարդիկ ասում են՝ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ շատ հարմար տեղ է ձեզ համար, այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որ իրական պրոբլեմները, որ կան, որ պետք է քննարկեք, բանաձևեր գտնենք, դրանից խուսափեք։
Իրականում պրոբլեմն ուրիշ տեղ է՝ հենց խորհրդարանական երկրի կառավարման առանձնահատկությունն այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է ու ընդդիմությունը»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, սակայն, այդ խնդիրը պետք է լուծվի. «Իմ տպավորությամբ, այդ թնջուկը պետք է լուծվի, ու այդ թնջուկը լուծելու ճանապարհն այն է, որ շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդարանում։ Էս ա լուծումը։ Քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է։ Եւ ես կարծում եմ՝ հասունացել է պահը, որ այդ խնդիրը լուծվի»։
Նա նաև նշել է, որ երկար ժամանակ ՀՀ-ն գտնվել է այլ երկրի գրպանում. «2018թ. դրությամբ ՀՀ-ն գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներ են այդ թվարկված անձինք։
ՀՀ-ն անկախ պետություն է, ոչ միայն անկախ պետություն է, այլև ունի ինքնիշխան կամքի կենտրոն ու կարողանում է որոշումներ կայացնել։ Պետք է ի վերջո առերսվենք ու խոստովանենք՝ ոնց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում։ Մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով»,- ասել է նա՝ հավելելով, որ այլ պատճառ չկա։
Ըստ վարչապետի՝ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։