Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից հայտնել են, որ Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Ուկրաինայի:
«Այս հայտարարությունը պարունակում է «հանկարծ բան չանեք» մեսիջը։ Բայց շատ լավ տարբերակ է առաջարկված, և ես ուրախ կլինեի, որ դա տեղի ունենար»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով՝ Հայաստանը պետք է ոչ միայն թողնի, այլև այլ ապրանքային պոզիցիաներում գնա նման քայլերի.
«Կտրվի Ռուսաստանից և դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ առևտուրը, իհարկե, բոլոր պետություններին բնորոշ գործունեություն է, բայց Ռուսաստանի կողմից առևտուրը Հայաստանի հետ գործիքավորվում է և վերածվում Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների լծակի»,-նշեց Ռուբեն Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է դրա տակից դուրս գա, որն ունի գին, և պետք է եվրոպացիների հետ համատեղ մտածեն՝ ինչպես անել, որ այդ գինը վճարվի։
«Նույնը անում է Ռուսաստանը՝ գազի հետ կապված, Եվրոպայի հետ, և Եվրոպան ևս հասկացավ, որ դա գին ունի՝ միայն էժանությունը չէ, գնաց այդ քայլերին։ Նույն քայլերը սպասվում են Հայաստանին՝ անկախ նրանից, թե մենք Մոսկվայից ինչ «ոռնոցներ» ենք լսում կամ լսել»,-հավելեց նա։
Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Կրեմլը հույս ունի շարունակել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ, ըստ Մեհրաբյանի՝ դա ռուսական մանր քրեականին բնորոշ վարք է, որը ռուսական սլենգով կոչվում է «ռազվոդկա», երբ 2-ով կանգնում են, իրար իբր հակասող բան են ասում։
«Բայց 2-ն էլ նույն գլխի 2 ականջների տրամաբանությամբ է գործում։ Դա մեզ ընդհանրապես չպետք է տպավորի, Հայաստանը պետք է վաղ թե ուշ գնա այդ քայլին»,-պարզաբանեց նա։
Լիլիթ Աբրահամյան