Քաղաքական

Հայաստանն ու Դանիան հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Դանիան հուշագիր են ստորագրել

Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենի առանձնազրույցը։ Հաջորդիվ նախարարների քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ամբողջ օրակարգը՝ պայմանավորվելով ակտիվ քաղաքական երկխոսության, տնտեսական և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նախաձեռնությունների միջոցով նպաստել գործընկերության խորացմանը։

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական հնարավորությունները, այդ թվում՝ գործարար կապերի, ներդրումների խթանման, նորարարությունների, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում հնարավոր կոնկրետ ծրագրերը։ Երկուստեք շեշտվել է, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը և Դանիան մոտ են միմյանց՝ ժողովրդավարական սկզբունքների և համախոհ գործընկերությունների զարգացման հանդեպ ընդհանուր հանձնառությամբ:

Միրզոյանը կարևորել է Դանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելով Դանիայի կողմից նախաձեռնված «2023-2026թթ. Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրում Հայաստանի ընդգրկման համար։ 

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով նաև ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է դանիացի գործընկերոջը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով դանիացի գործընկերների կողմից արտահայտված՝ Երևանում առաջիկա ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման շրջանակներում փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում անդրադարձ է կատարվել կապուղիների ապաշրջափակման հնարավորություններին, որոնց արդյունավետ իրացումը կնպաստի նաև Եվրոպա-Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր: 

Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ 

Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
1
գնահատական