Քաղաքական

Եթե որոշվի տարածքներ փոխանակել, լինելու է հանրաքվեով. Ռուբինյան

Եթե որոշվի տարածքներ փոխանակել, լինելու է հանրաքվեով. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է անկլավների վերադարձի հարցին:

«Ակնհայտ է, որ սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանից անգամ 1 սմ առանց համապատասխան իրավական հիմքերի՝ Արծվաշենը ևս: Անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովներն ընդունել են աշխատակարգ, որ վավերացվել է ԱԺ-ում, իրենց կողմից՝ իրենց ներպետական ընթացակարգերով. «Ըստ այդ աշխատակարգի ենթադրվում է, որ իրենք պետք է իրավական հիմքերը դնեն, քննարկեն տարբեր հատվածների վերաբերյալ քարտեզագրական հիմքերը, իրականացնեն սահմանազատում, ստորագրեն սահմանազատման պրոտոկոլները»,-նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ ամենավերջում պետք է դելիմիտացիայի վերաբերյալ պայմանագիր կքնքվի:

Ըստ Ռուբինյանի՝ այդ հարցով որոշում մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրություններ չեն լինի. «Հաստատ մինչև ընտրությունները չեն լինի, որովհետև երկար աշխատանք է»:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս տարածքների փոխանակում անելու, բայց եթե տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որ պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի:

«Եթե որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, հանրաքվեով է լինելու, սակայն այժմ որևէ նորություն չկա այս հարցում, սահմանազատման հանձնաժողովների հանդիպում չի եղել»,- շեշտել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական