ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-ի իր հայցազրույցում հայտարարել է, որ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան։
«Անհիմն պնդում է։ Հայաստանն ուրախ կլիներ, եթե ռուսները մնային Արցախում ու պաշտպանեին այնտեղի հայ բնակչությանը»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրայր Մանուկյանը հավելելով՝ դրա փոխարեն Հայաստանը պատրաստ չէր Սյունիքի ճանապարհը տալ ռուսների վերահսկողությանը։ Ինչպես նաև՝ չկար որևէ երաշխիք, որ այդ ճանապարհը ռուսների վերահսկողությանը տալու դեպքում նրանք կկարողանային պաշտպանել արցախահայերին։
«Ռուսները բազմիցս չեն կատարել Հայաստանի նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունները՝ էական չէ չցանկանալու թե չկարողանալու պատճառով»,-ընդգծեց նա։
Քաղաքագետը, անդրադառնալով երկրորդ նախագահի խոսքերին, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը բովանդակությամբ նույնն է, ինչ 2025-ի Վաշինգտոնյան փաստաթղթի նմանատիպ կետը՝ այն տարբերությամբ, որ 2020-ին կար Արցախ, կար Լաչինի միջանցք, շեշտեց՝ փաստաթղթերը բնույթով տարբեր են։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում էր Ռուսաստանի վերահսկողության մասին, ինչը ենթադրում էր Հայաստանի իրավազորության սահմանափակում։ Իսկ օգոստոսի 8-ի փաստաթղթում նշվում է ԱՄՆ-ի հետ գործընկերությամբ ճանապարհ կառուցելու մասին՝ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Ռուսական վերահսկողությունն ու ամերիկյան գործընկերությունը տարբեր բաներ են»,-ասաց նա։
Ըստ Հրայր Մանուկյանի՝ Քոչարյանի ակտիվությունը վերջին շրջանում կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, և Քոչարյանը փորձում է հասնել նրան, որ կրկնվի Գյումրիի սցենարը հանրապետության մասշտաբով։
«Հայաստանում, 2018-ից սկսած, ընտրությունները ազատ ու արդար են, և եթե քվեարկողների մեծ մասը չքվեարկի ՔՊ-ի օգտին, ապա դա կարձանագրվի նաև ընտրությունների պաշտոնական արդյունքներում»,-ընդգծեց և պարզաբանեց, որ Քոչարյանը փորձում է հնարավորինս շատ ձայներ ստանալ, շատ մարդու համոզել ու հասնել նրան, որ մի քանի ընդդիմադիր ուժեր, միասին վերցրած, ՔՊ-ից ավելի շատ ձայն ստանան ու կոալիցիա կազմելով՝ գան իշխանության։
Լիլիթ Աբրահամյան