Քաղաքական

1998-ի իշխանափոխությունը իրականացվել է «ոչմիթիզականություն» կարգախոսով. Սուրենյանց

1998-ի իշխանափոխությունը իրականացվել է «ոչմիթիզականություն» կարգախոսով. Սուրենյանց

Նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտարարել է, որ որ 1997-98-ին դեմ էին ԼՂ խնդրի կարգավորման՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակին։

«Սկզբունքորեն դիրքորոշում ունեմ՝ ծանոթ լինելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի և դրա տարբեր փուլերում օրակարգ բերված նախագծերին։ Առավելագույն նշաձողը, ինչին հասել ենք, եղել է հենց 1997-98-ի փուլային ծրագիրը»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և հավելեց՝ մյուս տարբերակները՝ Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Լավրովի և Խովաևի պլանները, ըստ էության, եղել են այդ տարբերակի մոդիֆիկացիաները։

Նա անդրադարձավ նաև երրորդ նախագահի այն հայտարարությանը, որը 2016-ին ԼՂ Ազգային ժողովում ասել է՝ պետք է գնալ փոխզիջման, և «ոչմիթիզականությունը» կարող է կործանել երկիրը։ Ըստ Սուրենյանցի՝ նրա ժամանակ եղել է ոչ թե «ոչմիթիզականություն», այլ ավելի շատ բանակցային գործընթացը ձգձգելու տրամադրվածություն. «Այո՛, 1998-ի իշխանափոխությունը իրականացվել է «ոչմիթիզականություն» կարգախոսով, բայց հաջորդ 20 տարին գերիշխողը եղել է ոչ թե այդ քաղաքականությունը, այլ՝ կոնֆլիկտի կարգավորումը ձգձգելու մարտավարությունը»,-ընդգծեց նա։

Նա հիշեցրել է, որ Սարգսյանը 2000-ականների սկզբին հայտարարել է, որ Աղդամը հայրենիք չի համարում. «Դա չի կարելի դիտարկել որպես ոչմիթիզականության դրսևորում։ Կամ բանակցությունները Կազանի փաստաթղթի շուրջ նույնպես դրա հետ կապ չունեն։ Այլ բան է, որ որոշ պաշտոնյաների հռետորաբանությունը ներքին սպառման համար պարունակում էր այդ մոտեցման տարրեր»։

Սուրենյանցի գնահատմամբ՝ դասական «ոչմիթիզականությունը» որպես քաղաքական գիծ ձևավորվեց միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ «Արցախը Հայաստան է և վերջ» մոտեցմամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական