Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում են Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով, և գոհ է ներկայիս զարգացումներից։
«Նպատակը այն է, որ օբյեկտիվ լինել, ցույց տալ, որ 2 կողմերի նկատմամբ նույն մոտեցումն է որդեգրվում»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։
Բայց, ըստ քաղաքագետի, իրականությունը մի փոքր այլ է. Ադրբեջանը հաճախ երկարաձգում է խաղաղության գործընթացը՝ պայմանավորելով այն սահմանադրության փոփոխություններով, հանրաքվեով կամ անկախության հռչակագրի փոփոխությամբ, ինչը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների վրա։ «Հայաստանը նման պահանջներ չի ներկայացնում և չի փորձարկում գործընթացը նման մեխանիզմներով, բայց երկարաձգման արդյունքում խաղաղության պայմանագրի կնքումը, առնվազն մեկ տարով, հետաձգվում է»,-նշեց նա։
Քաղաքագետի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարությունները հաճախ չեն համընկնում իրենց գործողությունների հետ. Ալիևի և Էրդողանի հայտարարություններն առարկայական կերպով հաճախ հակասում են իրական քայլերին։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հաճախ կապվում է 3-րդ երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, մինչդեռ իրական գործընթացում այդ կապերը չպետք է ազդեն հայ-թուրքական սահմանի բացման վրա»,-ընդգծեց Դալլաքյանը։
Նա հիշեցրեց, որ տարածաշրջանում պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հռետորիկ հայտարարությունները խաղաղության կամ համագործակցության նկատմամբ միշտ չեն համապատասխանում իրական գործողություններին:
«Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային իրենց շահերն ունեն, որոնք միշտ չեն համընկնում, և նույնիսկ միջանցքների բացումը, որը կարևոր է Թուրքիայի համար, չի երաշխավորում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորում»,-նշեց Դալլաքյանը։