Քաղաքական

Հայաստանն ամենաարագն է անցել վիզաների ազատականացման ճանապարհը. ԵՀ պաշտոնյա

Հայաստանն ամենաարագն է անցել վիզաների ազատականացման ճանապարհը. ԵՀ պաշտոնյա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի ամբողջական և արդյունավետ իրականացումը և ներկայացրել է այս պահին երկրում արդեն իսկ իրականացված և առաջիկայում նախատեսված բարեփոխումները:

ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանը ամենաարագն է անցել այս ճանապարհը:

Երկկողմ հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ կայացել է ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների կողմից Վիզաների ազատականացման գործողության ծրագրի պաշտոնական փոխանցումը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ որպես երկրի գլխավոր բանակցող: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական