Քաղաքական

Սա պատմական իրադարձություն է. Ռուբինյան

Սա պատմական իրադարձություն է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

«Ամեն դեպքում Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից: Իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որ համարում ենք ապակառուցողական, և ձեր նշած հայտարարությունը դրանից մեկն է»,- ասել է նա: Ըստ Ռուբինյանի, եթե տեղանունների հարցով ետ գնանք, ապա Հայաստանը շահեկան վիճակում կլինի. «Բայց պետք է գնալ առաջ: Դա է խաղաղության ամրապնդման ու պահպանման ձևը»:

Նա նշել է, որ խաղաղությունն այն է, որ նաև ռուսական ծագման ցորեն է Ադրբեջանի տարածքով ներմուծվում Հայաստան. «Սա պատմական իրադարձություն է, և նման բան վերջին անգամ եղել է 1991-92 թթ՝ պատերազմի ակտիվ փուլից առաջ»:

Ռուբինյանի խոսքով, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ. «Միակ երկիրը, որի հետ 30 տարի ունեցել ենք երկաթուղային կապ, Վրաստանն է: Հիմա արդեն ՌԴ-ից և Ղազախստանից որևէ ապրանք է գալիս Հայաստան: Անհնար է թերագնահատել այս իրադարձության կարևորությունը»: Նա նշել է, որ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, կլինեն խնդրահարույց հայտարարություններ, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա. «Բայց Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը շատ կարևոր փաստ է, որ պետք է արձանագրել այդ թվում խաղաղության համատեքստում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական