Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար, դոկտոր Ռոբերտ Ֆլոյդին։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դոկտոր Ֆլոյդի այցը Հայաստան և բարձր գնահատել կազմակերպության կարևոր գործունեությունը՝ միտված միջուկային փորձարկումների համաշխարհային արգելքին և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ միացավ կազմակերպությունը ստեղծելու նախաձեռնությանը, իսկ 1996 թվականին դարձյալ առաջիններից մեկը ստորագրեց պայմանագիրը։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեր երկիրը մշտապես աջակցել է կազմակերպության նպատակներին ու նախաձեռնություններին և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նույնքան արդյունավետ և կառուցողական ձևաչափով։
Դոկտոր Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծապես գնահատում է Հայաստանի հետևողական աջակցությունը CTBTO-ի գործունեությանը։ Նա նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան և քննարկել համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջուկային անվտանգության ապահովմանն ու համաշխարհային կայունության պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև միջուկային փորձարկումների արգելման համընդհանուր նշանակության, դրանց վերահսկման և կանխարգելման մեխանիզմների կատարելագործման: Կողմերը կարևորել են նման նախաձեռնությունների դերակատարությունը՝ ուղղված համաշխարհային խաղաղությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը։