Քաղաքական

«Եվրանեսթ»-ի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

«Եվրանեսթ»-ի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին։ Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստը կանցնի արդյունավետ և կարևորել միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը ԵՄ օժանդակությամբ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտները ներդնելու նպատակով։ Այս առումով, վարչապետը կարևորել է ԵՄ-ի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության հաստատման փաստը և նշել, որ ներկայումս ձևավորվել է բարենպաստ մթնոլորտ՝ երկխոսությունը և քննարկումներն արդյունավետ շարունակելու համար։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները ողջունել են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով ևս հայաստանյան գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Միաժամանակ, նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, սահմանազատման գործընթացին և այլ թեմաների։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական