Քաղաքական

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենածանր հանցագործություններից մեկի՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցը։

Այդ օրը Նաիրի Հունանյանի գլխավորած հանցախումբը ժամը 17-ի սահմաններում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ներխուժեց Ազգային ժողովի դահլիճ։ Դահլիճում նրանք կրակ բացեցին՝ սպանելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ Կրակոցների հետևանքով վիրավորվեց ևս ութ մարդ։

Զինված հարձակվողները մինչև առավոտ պատանդ պահեցին խորհրդարանի պատգամավորներին և կառավարության անդամներին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, բանակցությունների արդյունքում նրանք հանձնվեցին իրավապահ մարմիններին։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Ոճրագործությունը լավ նախապատրաստված էր, մանրակրկիտ։

Թեպետ անցել է 26 տարի, հոկտեմբերի 27-ի գործը մինչ օրս համարվում է ամբողջությամբ չբացահայտված։ Զոհվածների հարազատներն ու հասարակության լայն շերտերը պնդում են, որ դեռևս չեն բացահայտվել հանցագործության պատվիրատուներն ու կազմակերպիչները։ Գործից անջատված մասով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս մեղադրյալներ այդ մասով չկան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական