Քաղաքական

Հայաստանի կին գիտնականները կազմում են մեր երկրի հետազոտողների գրեթե 52 տոկոսը. Միրզոյան

Հայաստանի կին գիտնականները կազմում են մեր երկրի հետազոտողների գրեթե 52 տոկոսը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը։

«Հարգելի՛ նախարարներ, ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ Փարիզում, մի քաղաքում, որի էությունը խորհրդանշում է ազատությունն ու հավասարությունը՝ քննարկելու այս շատ կարևոր օրակարգը, թեման:

Ես այստեղ եմ արտահայտելու իմ ամուր համերաշխությունն այս օրակարգի և ձեզանից անհատապես յուրաքանչյուրի հետ, իմ համերաշխությունը  որպես նախարար, որպես մարդ, իմ համերաշխությունը որպես տղամարդ։

Այսպիսով, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նախարար Ժան-Նոել Բարոյին՝ ֆեմինիստական արտաքին քաղաքականության վերաբերյալ այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ կանանց իրավունքների առաջմղման, ներառականության և խաղաղության վրա հիմնված դիվանագիտության խթանման գործում առաջնորդության համար։

Մինչ լրանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Այնուամենայնիվ, սկզբունքի և պրակտիկայի միջև  անջրպետը դեռևս մեծ է, և, ցավոք, օրեցօր մեծանում է։

Ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և անդին, մենք ականատես ենք լինում այս ձախողման պատճառով առաջացած ծանր մարդկային կորուստների։ Կանայք շարունակում են զգալ հակամարտությունների հետևանքները՝ կրելով կորստի և անվտանգության պակասի ծանր բեռը։

Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը՝ «Եկել է խաղաղության ժամանակը», խորը իմաստ ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խորը տրավմաներով։ Երկու երկրներն այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերություններն՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։

Այսպիսով, ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը տառապել են, զգացել են հակամարտության ծանր հետևանքներն, իրենց սիրելիների կորստի ցավը։ Եվ այսօր շատ պարտավորեցնող և էմոցիոնալ է խոսել մեր հասարակությունում տարածաշրջանային հաշտեցման գաղափարի խթանման գործում նրանց նշանակալի դերի մասին։ Էմոցիոնալ, քանզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչպիսի դժվարությունների միջով են նրանք անցել։ Պարտավորեցնող, քանզի այսօր առկա խաղաղության օրակարգի միջոցով մենք ձգտում ենք հասցեագրել և ապագայում կանխել նման դժվարությունները, նման կորուստները։

Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք, կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին՝ ապագա սերունդների համար այդ կորուստները կանխելու միակ բանալին։ Վստահ եմ նաև, որ այդ կանայք, լինի դա գիտակցաբար, թե բնազդաբար, զգում են իրենց առանձնահատուկ դերը խաղաղության առաջմղման դժվարին առաքելությունում՝ այն ժամանակահատվածում, երբ վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են։ Պետությունն ամուր կանգնած է նրանց կողքին։

Հարգելի՛ գործընկերներ,

Նույնիսկ լուրջ դժվարությունների պայմաններում մարտահրավերները ոչ միայն չեն թուլացրել, այլ ընդհակառակը՝ ավելի են ամրապնդել մեր վճռականությունն՝ առաջ մղելու գենդերային հավասարությունն ու կանանց դերի ամրապնդումը՝ որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման հիմնարար միջոցներից մեկն ու կայուն զարգացման ու սոցիալական առաջընթացի հիմք։ Գենդերային բռնության և խտրականության դեմ պայքարից մինչև կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտներում կանանց ու աղջիկների հնարավորությունների ընդլայնում. մեր ջանքերն ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները։ Եթե նախկինում  տեխնոլոգիական ոլորտում գերակշտում էին տղամարդիկ, ապա այժմ մեր երկրում այդ ոլորտում աշխատողների շուրջ 30 տոկոսը կանայք են, ինչը գերազանցում է համաշխարհային 20 տոկոսի միջին ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի կին գիտնականները կազմում են մեր երկրի հետազոտողների գրեթե 52 տոկոսը՝ զգալիորեն գերազանցելով համաշխարհային միջինը՝ 30 տոկոսը։

Այսօր կանայք արդեն զբաղեցնում են մեր Ազգային ժողովի մանդատների 36 տոկոսը։ Առանցքային հաստատությունները, որոնք ավանդաբար ղեկավարվել են տղամարդկանց կողմից՝ ներառյալ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, ինչպես նաև Գլխավոր դատախազությունը և վերջերս ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, այժմ ղեկավարվում են կանանց կողմից։

Հայաստանը հանձնառու է առաջ մղելու կանանց առաջնորդությունը և հավասար մասնակցությունը դիվանագիտական ծառայությունում։ Հայաստանի դիվանագիտական ծառայությունում կանանց մասնաբաժինը կազմում է 44,4 տոկոս, և այս թիվն աճում է՝ շարունակելով 1900-ականների սկզբի հայ դիվանագետ Դիանա Աբգարի ժառանգությունը, ով ժամանակակից դիվանագիտության առաջին կին ներկայացուցիչներից մեկն էր և Հայաստանի՝ կանանց առաջնորդության հանդեպ ունեցած անսասան հավատի հպարտ խորհրդանիշը։ Սակայն այս առաջընթացը զուտ վիճակագրական չէ։ Արժանիքների վրա հիմնված այս մոտեցումը ներկայացնում է խորքային մշակութային փոփոխություն՝ ուղղված ավելի արդար, և, հետևաբար, ավելի կայուն ու արդյունավետ պետության ձևավորմանը։

Ներպետական մակարդակով իրականացվող այս վերափոխումները ձևավորում են նաև մեր միջազգային ներգրավվածությունը։ Դրա դրսևորումներից է այն, որ.

- 2022 թ. Հայաստանը համահեղինակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի բանաձևը, որով հռչակվել է «Դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օր»,

- Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-Կանայք կառույցի «Հավասարության սերունդ» առաջատար նախաձեռնությանը,

- Հայաստանը միացել է «Տեխնոլոգիաներ և նորարարություն՝ հանուն գենդերային հավասարության» գործողությունների կոալիցիային:

Իհարկե, այս մոտեցման ամենանշանակալի և, իրապես, շոշափելի դրսևորումներից մեկն է Հայաստանի կողմից վերջերս ընդունված՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որը կրում է «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» խորագիրը։ Այն խորապես հիմնված է այն համոզման վրա, որ խաղաղությունը պարզապես վերացական ձգտում չէ, այլ ապրած փորձառություն՝ հատկապես սահմանամերձ համայնքներում, փախստականների ինտեգրման գործընթացում, ինչպես նաև կանանց ձայների և առաջնորդության մեջ։

Ձերդ գերազանցություններ,

Անվիճելի է, որ շատ բան արդեն իսկ ձեռք է բերվել, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ առաջընթացի ուղին երբեք ավարտուն չէ։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս գործընթացին՝ անսասան համոզմամբ, որ իրական առաջընթացը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հավասարության և ժողովրդավարության սկզբունքները լիարժեքորեն իրագործվեն և վերածվեն խաղաղության ու կայուն զարգացման տևական հիմքերի։

Այս համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում էմ արդյունավետ քննարկումներ։

Շնորհակալություն»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական