Իտալայում Հայաստանի դեսպանատնից հաղորդում են, որ հոկտեմբերի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցել են Festival della Diplomazia ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը, որին ներկա են եղել Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ:
Քննարկման մոդերատորն է եղել Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը:
Հայաստանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի կողմից արված աշխատանքը, կարևորելով օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել է վաշինգտոնյան փաստաթղթերի նշանակությունը: Անդրադառնալով խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործադրած ջանքերին՝ դեսպանը, մասնավորապես մեջբերել է վարչապետի ուղերձի հետևյալ հատվածը.
«Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաեւ անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:
Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ դեսպանը հատուկ նշել է դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները:
Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նաև կարևորել են ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Ելույթներից հետո դեսպանները պատասխանել են ուսանողների հարցերին: