ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ Նա հայտնել է, որ Գաֆարովայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
«Գերիների, պահվող անձանց մասին խոսակցությունը միշտ կա։ Այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այլև՝ հրապարակային իմ ելույթում։ Հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Խորհրդարանները պետք է իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու, խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը»,- ասել է նա։ Ըստ Սիմոնյանի՝ իր գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար. «Պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել, առաջարկել»
Նա նաև նշել է. «Խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ նաև՝ ադրբեջանական կողմի մեջ»։
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ միջազգային ֆորմատների շրջանակներում Գաֆարովան այցելի Հայաստան. «Թող իրենց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ։ Բայց կան հարցեր, որ պետք է մինչ այդ, այնուամենայնիվ, քննարկենք։ Ոչ միայն անվտանգության հարցը, այլև՝ մեր պահվող անձանց հարցը։ Մի քիչ դժվար է մեզ համար գնալ այնտեղ, երբ միևնույն ժամանակ գիտես՝ պահվող անձինք կան»։