Քաղաքական

Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցը կքննարկվի ԵԱՏՄ առաջիկա նիստում

Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցը կքննարկվի ԵԱՏՄ առաջիկա նիստում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է բեռնատարի վարորդների բողոքի ակցիային՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը։ Հայաստանն առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։

«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված, ներքին շրջանառության փուլում է»,- հայտնել է Պապոյանը։

Նա նշել է, որ այն փուլում, երբ ՌԴ կառավարությունը նոր կարգավորումը սկսել է կիրառել, իրենք սկսել են աշխատել. «Այնուհետև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ, այնուհետև ստացել ենք արձագանք, որ հասկանում են խնդիրը, կփորձեն լուծել, և ունենք տեղեկություններ, որ որոշակի պրոցես սկսվել է, նախագիծը կա, ներքին շրջանառության մեջ է։ Հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերիկ 24-ի նիստում։ Հետևաբար, պետք է սպասենք հոկտեմբերի 24-ի նիստին և հստակ կասվի՝ ինչ ձևով է լուծումը լինելու»։

Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնատար մեքենաների վարորդները երեկվանից փակել են դեպի Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։ Նրանք բողոքում են ՌԴ-ում սահմանված նոր իրավակարգավորումների դեմ, համաձայն որի, 180 օրվա փոխարեն թույլատրվում է ՌԴ-ում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման՝ 3-5 տարվա վերադարձի արգելքով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական