ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։
«Պատիվ է ՀՀ Ազգային ժողովի անունից ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում: Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել:
Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր և հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթևան: 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները:
Մեր սահմաններից դուրս հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացված առաքելություններին՝ աշխատելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և նպաստել կայունությանը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները և ընդլայնել պաշտպանությունն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:
2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների և դիմակայունության լրջագույն փորձություն էր:
Կացարան, առողջապահական, կրթական ծառայություններ և աշխատանք տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով և վճռականությամբ: Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները, առաջնորդվելով սկզբունքներով, կարող են իրականացնել մարդասիրության այն տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով:
Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարևոր քայլ էր տասնամյակներ տևած հակամարտության և տառապանքների դադարեցման հարցում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը:
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP) նախաձեռնության իրականացումը: TRIPP ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը՝ նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաև մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև:
Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը և վերամիավորմանն իրենց ընտանիքների հետ: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:
Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում: Ուկրաինայից մինչև Գազա, Սուդանից մինչև Հայիթի մեր աչքերի առջև տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր: Քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, տարեցներ, շարունակում են կրել տառապանքի բեռը:
Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է: Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և, որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի:
Գործընկերնե՛ր, դասերը հստակ են. երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը և պատերազմին: Կարեկցանքը, այլ ոչ թե անգործությունը պետք է ուղղորդի մեր գործողությունները: Այս սկզբունքների պահպանումը մեր համատեղ պատասխանատվությունն է»: