Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։
Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։
«Սևծովյան տարածաշրջանը մշտապես եղել է քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկ։ Այն կարևոր կապող օղակ է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև, որտեղ ընդլայնված փոխգործակցությունը կարող է նպաստել փոխկապակցվածությանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև փոխշահավետ գործընկերությունների ձևավորմանն՝ էապես փոխակերպելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Սրանք ոչ թե պարզապես խոսքեր են կամ հավակնոտ տեսլական, այլ այսօրվա հրամայականը։
Այս համատեքստում, մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս տեսլականի իրագործումը հնարավոր է միայն խաղաղության և կայունության պայմաններում։ Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:
Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։
Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության վերածելու գործում։
Պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս: Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից՝ կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը՝ նախ ածխի և պողպատի ոլորտներում, կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։
Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո:
Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:
Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով ։
Հարավային Կովկասում անվտանգության և կայունության այս նոր շրջանն առավել ամրապնդվում է Հայաստանի՝ երկրի դիմակայունությունն առավել ամրապնդելու հանձնառությամբ, և Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն։
Բարձր մակարդակի քաղաքական և անվտանգային երկխոսությունը, անվտանգային և պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի, «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով, Ռազմավարական գործընկերության օրակարգը. բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը։
Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:
Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։
Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը։
Հարգելի՛ գործընկերներ, այս ջանքերում դուք կարող եք հույս դնել Հայաստանի հետ համագործակցության վրա՝ որպես վստահելի գործընկեր։ Շնորհակալություն»։
Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում նախարար Միրզոյանը նաև շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Լատվիայի, Թուրքիայի, Դանիայի ԱԳ նախարարների, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի և այլ գործընկերների հետ:
