Քաղաքական

Հրապարակային մակարդակում ռուս-ադրբեջանական լարվածությունը թուլացել է. քաղաքագետ

Հրապարակային մակարդակում ռուս-ադրբեջանական լարվածությունը թուլացել է. քաղաքագետ

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա հարաբերությունների լարվածությունից ու երկար ընդմիջումից հետո նրանց առաջին հանդիպումն էր: Զրույցը կենտրոնացած էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման և անցած տարվա խնդիրների քննարկման վրա:

«Այս հանդիպումը կանխատեսելի էր տևական ժամանակ, որը պետք է ենթադրեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը, այն ճգնաժամի մեկնարկը, որը ստեղծվել էր 2024 թվականի վերջին ադրբեջանական մարդատար ինքնաթիռի խոցման հետևանքով»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսներին ռուսական կողմը բազմիցս նախաձեռնություններ էր ներկայացրել խնդրի լուծման համար, մինչդեռ Ադրբեջանը սկզբնական փուլում հրաժարվել էր դրանք ընդունել, նպատակ ունենալով ավելի անկախ քայլեր անել, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և ԱՄՆ-ի հետ կապերի խորացման հարցերում: «Ադրբեջանական կողմը կարողացավ լուծել վերոնշյալ ուղղություններով իր խնդիրները և փաստացի ընդառաջ գնաց Ռուսաստանին, և ականատես եղանք 2 առաջնորդների հանդիպմանը, որը մեծ հաշվով տանելու է հարաբերությունների կարգավորման»,-ասաց քաղաքագետը և հավելեց՝ այստեղ կարևոր է նշել, որ այս հանդիպման հարցում որոշակի ազդեցություն է ունեցել Ալիևի զանգը Պուտինի տարեդարձի ժամանակ։

Քաղաքագետի խոսքով՝ ռուսական կողմը վերահաստատել է իր սկզբունքային մոտեցումը՝ չընդունելով ամբողջ պատասխանատվությունը, սակայն ընդունելով որոշ փոխհատուցման պարտավորություններ, հաշվի առնելով, որ ինքնաթիռը վնասվել է Ռուսաստանի օդային տարածքում և հետևանք է հակաօդային պաշտպանության գործողությունների: Քաղաքագետի համոզմամբ՝ սա ցույց է տալիս, որ ռուսական կողմի դիրքորոշումը չի փոխվել՝ անկախ ադրբեջանական պահանջներից և բանակցային լարվածությունից:

Ալիևը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները այս տարի հաջողությամբ զարգացել են։ Ըստ քաղաքագետի՝ կարելի է ասել, որ հրապարակային մակարդակում ռուս-ադրբեջանական լարվածությունը թուլացել է, սակայն կողմերի միջև դեռ պահպանվում է ներուժ հարաբերությունների սրման կամ հակամարտության առաջացման համար, որը կախված է քաղաքական կամքից և առկա ռեսուրսներից. «Նախորդ 10 ամիսների ընթացքում լուծվել են որոշ իրավիճակային հարցեր, սակայն հարաբերությունների լիակատար կայունություն դեռևս հասանելի չէ»,-ընդգծեց նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական