«Ես հավակնում եմ վարչապետի պաշտոնին»-հայտարարել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է՝ գալիս է հիմնախնդիրները լուծելու և հավակնում ձևավորել իշխանություն. «Սա ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն է, և տեսաուղերձում էլ ևս նշել եմ, որ ցույց ենք տալու, որ կա ինքնուրույն միտք, խոսք և կարող թիմ։ Եվ առաջ ենք շարժվելու մեր այս ուղերձներով»,-ասել է Թաթոյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան Թաթոյանը նշել է, թե նման հարց իրենց օրակարգում չկա. «Ես այդ դաշտ՝ ում հետ, ոնց, ինչ, չեմ մտնելու։ Ես հստակ ասացի՝ մենք պետք է լուծենք այն հիմնախնդիրները, որ արձանագրել ենք։ Եթե ինձ տանեք այդ դաշտ՝ նախկին, ներկա, սև-սպիտակ, ես չեմ մտնի, որովհետև դա մեր օրակարգը չէ։ Մեր օրակարգը աշխատելն է ոչ թե հակադրություններով, այլ՝ խնդիրներ լուծելու համար»։
Հիշեցնենք՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ստեղծել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։