Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր նախագահության տարիներին՝ 2001թ. սեպտեմբերին, իր թիկնազորի մասնակցությամբ միջադեպին, երբ Երևանի «Առագաստ» սրճարանում սպանվեց մի քաղաքացի։ Նա նշել է, թե այդ միջադեպն իր հեռանալուց հետո է եղել, և ինքը դեպքի մասին հաջորդ օրվա առավոտն է իմացել.
«Ես մեր տանն եմ եղել, դեպքը կատարվել է իմ՝ սրճարանը լքելուց մոտ 35-40 րոպե հետո։ Դա քրեական գործում է։ Այդ սրճարանն այլևս իմ թիկնազորի կողմից պահպանվող օբյեկտ չէր»,- ասել է նա։
Քոչարյանը պնդել է, որ «պրիվետ, Ռոբ» արտահայտությունը չի լսել. «Ուղղակի չեմ լսել։ Ես ընդհանրապես չգիտեի՝ ինչ է այնտեղ կատարվել։ Հետո զեկուցել են, որ ինչ-որ մեկը, քեֆը լավ, վիճաբանություն է արել թիկնազորից մեկի հետ, արդյունքում ինչ-որ ռազբորկա է եղել, և՝ միջադեպը»։
Նա հիշեցրել է, որ դեպքից հետո իր թիկնապահ Աղամալ Հարությունյանն ազատվել է աշխատանքից։
Ինչ վերաբերում է Ռոբ անվանը, Քոչարյանը նշել է, որ դրանից չի վիրավորվում. «Մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան է Ռոբ ասում տանը. ինչի՞ պիտի նեղանամ։ Իմ մանկական ընկերներն էլ են ինձ Ռոբ ասում»։
Նա «էշություն» է որակել խոսակցությունները, թե միջադեպը տեղի է ունեցել «պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով։