ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշմանը։
«ՄԻԵԴ որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011 թվականին, երբ ես երեք տարի նախագահ չէի, և 2011 թվականից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ավելին, մի բան էլ ավելացնեմ՝ ՄԻԵԴ բոլոր որոշումները՝ կապված Մարտի 1-ի հետ, ինձ համար առոչինչ են մեկ պարզ պատճառով՝ 2018 թվականից հետո պետությունը այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել»:
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո Մարտի 1-ի բոլոր գործերով ՀՀ-ն պարտվելու է, քանի որ ՀՀ-ն չի պաշտպանվում, չի ներկայացնում ոչինչ։
«Ավելի քան 7 տարի գործադիր իշխանությունն ու քննչական մարմինները ենթակա են վարչապետին, բացահայտեք։ Հենց առաջին դատական նիստին իմ փաստաբանները պնդում էին՝ բացահայտեք, սխալ ուղղությամբ ենք գնում։ Չեն բացահայտում։ Ես Մարտի 1-ից հետո պաշտոնում եմ եղել 1 ամիս 8 օր, հետևաբար՝ ՄԻԵԴ որոշումն ինձ չի ուղղված, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային», – ասել է նա։
Հիշեցնենք՝ ըստ ՄԻԵԴ-ի՝ հաստատվել է, որ զոհերից 7-ի դեպքում (բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից)՝ Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան),խախտվել է կյանքի իրավունքը։ Պետության կողմից կիրառված մահացու ուժը չէր կարող լինել «գերակշռորեն անհրաժեշտ»։ Հաստատվել է, որ մահվան հանգամանքների քննության ժամանակ եղել են խախտումներ։ Պետությունը չի իրականացրել արդյունավետ, անկողմնակալ և համապարփակ քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։