Հարցազրույց

Սա սարսափեցնելու քաղաքականություն է․ Խուրշուդյան

Սա սարսափեցնելու քաղաքականություն է․ Խուրշուդյան

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, թե Գերմանիայի և Դանիայի օդային տարածք ներխուժած անօդաչուների հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Որոշ վերլուծաբաններ դա գնահատում են որպես անվտանգության նոր ճգնաժամի ազդակ Եվրոպայում։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս հայտարարությունը վկայում Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունների սրման նոր փուլի մասին, և ի՞նչ քաղաքական կամ ռազմավարական հաշվարկներ կարող են լինել նման մեղադրանքի հիմքում։

-Ես վստահ եմ, որ հենց Կրեմլն է կազմակերպել այդ անօդաչուների չվերթները եվրոպական երկրների վրայով՝ խախտելով նրանց օդային տարածքը։ Սա սարսափեցնելու քաղաքականություն է, որ, սակայն, հակառակ արդյունքն է ունենալու։ Ռուսաստանի իշխող գողապետական, քրեաօլիգարխիկ իշխանությունները այդպես էլ չհասկացան իրենց առջև կանգնած եվրոպական երկրների արժանապատիվ վերնախավերի հոգեբանությունը։ Իրենք դիմացինի մասին դատում են սեփական արժեհամակարգի պրիզմայով, սակայն դա ամեն անգամ վատ ծառայություն է մատուցում իրենց։ Այսօր ԵՄ երկրների հասարակությունները, իսկ դրանց իշխանությունները ընդամենը սպասարկում են իրենց հասարակությունների պատվերը, պատրաստ են էլ ավելի մեծ սոցիալ-տնտեսական դժվարություններ հաղթահարել՝ Ռուսաստանին պատժելու և ռուսական սպառնալիքը իսպառ չեզոքացնելու համար։

-Մերցը նշել է, որ անօդաչուները զինված չեն եղել և հիմնականում հետախուզական նպատակներ են ունեցել։ Ի՞նչ քաղաքական կամ ռազմավարական ուղերձ կարող է լինել նման գործողությունների հետևում։

-Անկախ այն բանից, որ եվրոպական առաջնորդները, այդ թվում՝ Մերցը, փորձում են չսրել իրավիճակը և հնարավորինս մեղմ արձագանքել ռուսական դիվերսիաներին, սակայն դա չի նշանակում, որ իրենք քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի արկածախնդրությունները հետագայում կանխելու ուղղությամբ։ Արդեն օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել Գերմանիայում, որոնք թույլ կտան այսուհետ խոցել նման անօդաչուները՝ անկախ այն բանից, դրանք հարվածային կլինեն, թե հետախուզական։ Այժմ Գերմանիայի օրենքները դա թույլ չեն տալիս անել։ Բացի դա, ավելի մեծ միջոցներ կհատկացվեն պաշտպանական կարողությունները ավելացնելու ուղղությամբ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս ամենը խթանելու է ԵՄ երկրներին՝ Ուկրաինային ավելի մեծ ֆինանսական և ռազմական օժանդակություն ցույց տալու հարցում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական